Գարիկ Խաչատրյան՝ Վարկային ռիսկերի վարչության ղեկավար

Garik Khachatryan

Ֆինանսաբանկային համակարգի 22 տարիներից 9-ը Գարիկ Խաչատրյանը նվիրել է ՖԻՆՔԱ-ին: Թիմին միացել է 2012 թվականից՝ որպես փոքր և միջին ձեռնարկությունների վարկավորման բաժնի ղեկավար: Արդեն 2015 թվականին նախաձեռնել և ակտիվորեն մասնակցել է վարկային ռիսկերի գնահատման բաժնի ստեղծման աշխատանքներին, և ՖԻՆՔԱ-ի՝ որպես առաջատար վարկային կազմակերպության զարգացման գործին: Ֆինանսաբանկային կարիերայի ձևավորման գործում ճակատագրական է համարում 1999 թվականը, երբ հաջողությունը նրան մասնակիցը դարձրեց Գերմանահայկական հիմնադրամի շրջանակներում ստեղծված IPC վարկավորման նախագծին, որից հետո ճանապարհն անցավ Պրոկրեդիտ բանկով, ապա Արդշինբանկով, և որպես կայացած և ձևավորված մասնագետ՝ հանգրվանեց ՖԻՆՔԱ-ում:

Garik Khachatryan

Գարիկ, 9 տարի ՖԻՆՔԱում աշխատելուց հետո, ի՞նչ է Ձեզ համար ՖԻՆՔԱն:

 ՖԻՆՔԱ-ն իմ երկրորդ տունն է, հարազատների հավաքատեղի և մի միջավայր, որտեղ ես ինձ հանգիստ եմ զգում, և դա շատ կարևոր է, քանի որ այստեղ եմ անցկացնում իմ ժամանակի մեծ մասը: Աշխատելով բազմաթիվ ծրագրերում, որոնք նաև լայն աշխարհագրական ընդգրկվածություն են ունեցել, կարող եմ ասել, որ ՖԻՆՔԱ-ն այն տեղն էր, որտեղ ես ուզեցի մնալ:

Garik Khachatryan

Ինչպիսի՞ ծրագրերի մասին է խոսքը և ի՞նչ նախագծեր են դրանք եղել, կմանրամասնե՞ք:

IPC-ում աշխատելու տարիներին, դեռևս 2000 թվականին, ինձ գործուղեցին Մոսկվա, և ես 1 տարի աշխատեցի նույն նախագծում՝ համագործակցելով ռուսական Сбербанк-ի հետ, այնուհետև տեղափոխվեցի Ռյազան քաղաք՝ Сбербанк Рязань-ում ստեղծելու ՓՄՁ վարկավորման բաժին, հավաքագրելու անձնակազմ, նրանց վերապատրաստելու և այլն: Սա ինձ համար լուրջ մարտահրավեր էր, քանի որ մինչ այդ ղեկավարման որևէ փորձ չունեի, բայց հրաժարվել նման առաջարկից նույնպես չէի կարող: Հաջորդ կանգառս եղավ Ուկրաինան, որտեղ աշխատեցի 2 տարի՝ անցնելով Կիևի, Լվովի, Օդեսայի, Դոնեցկի, Մարիոպոլի մասնաճյուղերով: Այնուհետև մեկնեցի Բուլղարիա, Մակեդոնիա, Աֆրիկա՝ ծանոթանալու Պրոկրեդիտ բանկի գործունեությանը, քանի որ արդեն սկսվել էին Պրոկրեդիտ Հայաստանի հիմնադրման աշխատանքները և մեզ նախապատրաստում էին այդ բանկում աշխատելու համար: Ի դեպ նշեմ, որ հենց IPC-ն է հանդիսանում ՀՀ-ում Պրոկրեդիտ բանկի գլխավոր հիմնադիրը:

Գարիկ, Դուք նշեցիք, որ նաև գործի բերումով Աֆրիկա եք մեկնել: Ինչպիսի՞ գործը կարող էր Ձեզ Աֆրիկա հասցնել:

Հիմնադրամը նաև տարբեր երկրներում անգլերեն լեզվի ուսուցման կենտրոններ ուներ, և ես Գանա մեկնեցի անգլերեն սովորելու: Երբեք չեմ մոռանա Գանայի օդանավակայանում անձնագրային ստուգման ժամանակ ինձ  ուղղված հարցի պատասխանը ինչպես զվարճացրեց անձնագրային հսկման տեսուչին, երբ նա լսեց, որ Գանա եմ եկել անգլերեն սովորելու:

Ճամփորդությունները հաճախ փոխում են մարդու աշխարհայացքը, մտորելու և համեմատություններ անելու տեղիք տալիս: Այսքան տարբեր աշխարհագրական ճանապարհներ անցնելուց հետո, երբևէ որևէ համեմատություն արե՞լ եք, Ձեր տեսածները հայկական իրականության հետ համադրե՞լ եք:

Ճամփորդությունները ինձ հնարավորություն են տվել առավել խորը ուսումնասիրել և ճանաչել այլ ազգերին, նրանց մշակույթը: Եվ ամեն նոր բացահայտման հետ հասկացել եմ, որ հայը մի խնդիր ունի, դա մեր պարծենկոտությունն է, երբ գերագնահատում ես քեզ և վերադասում ուրիշից: Երևի կուզեի, որ մենք նաև կարողանայինք ազգայնական եսասիրությունից ալտրուիզմի անցնել: Կուզեի ջանք չխնայեինք մրցունակ կրթական համակարգ ունենալու համար, և մեր երեխաները կարողանային մեր երկրում բարձրակարգ կրթություն ստանալ:

Ձեզ հայրենասեր համարու՞մ եք: Ի՞նչպես է դրսևորվում Գարիկ Խաչատրյանի հայրենասիրությունը:

Հայրենասեր եմ, բայց բացատրել, թե ինչպես է այն դրսևորվում, կդժվարանամ: Հայրենասիրությունը ինձ համար խոսքերից դուրս ապրվող զգացում է: Դա այն է, երբ մեկնում ես մշտական բնակության արտերկիր, բայց 5-6 տարի հետո հասկանում, որ հեռվում՝ այնտեղ որտեղ արմատներդ են, մի կարևոր բան ես թողել, որը քեզ հանգիստ չի տալիս: Երևի կարոտն է, կամ արյան կանչը, կամ տարիքի հետ արմատներին ու քո տեսակին մոտ լինելու ներքին մղումը:

Garik Khachatryan Garik Khachatryan

Ի՞նչ զավակներ ունեք, և ինչպիսի՞ն կուզեիք տեսնել Ձեր զավակներին ժառանգվող երկիրը:

Ունեմ 3 որդի՝ 20, 16 և 6 տարեկան: Ավագ որդիներս բնակվում են Մոսկվայում և բավական լուրջ հաջողություններ են գրանցում: Մեծ տղաս պրոֆեսիոնալ հոկեյիստ է, և Մոսկվայի «Դինամո»-ի պատմության մեջ առաջին պաշտպանն է, որ 17 տարեկանում մտել է թիմի հիմնական կազմ: Միջնեկ որդիս տարված է կենսաբանությամբ: Շատ կցանկանայի, որ նրանք երբևէ կարողանային իրենց ներուժն ու գիտելիքները ծառայեցնել հասարակության զարգացմանը: Փոքր որդիս ինձ հետ է ՝ Երևանում, և առավել քան երբևէ, հիմա կուզեի, որ վերադառնար հզոր երկիր ու վառ ապագա ունենալու հույսը, որ կարողանայինք ստեղծել տնտեսապես հզոր պետություն և ապահովեինք մշտական խաղաղ երկինք:

Կիսում եք արդո՞ք այն կարծիքը, որ ֆինանսական ոլորտի մարդիկ շատ ավելի թվային մտածելակերպ ունեն:

Միգուցե գործի բերումով, այո, մենք շատ ավելի հաճախ շփվում ենք թվային իրականության հետ, բայց դա դեռ չի նշանակում, որ մյուս ոլորտները մեզ հասու չեն: Իմ կյանքում երաժշտությունը մեծ տեղ է զբաղեցնում, և ես հաճախ եմ լսում հարդ ռոք, ջազ, ֆանք երաժշտություն: Շատ եմ սիրում Black Sabbath խումբը և նրա հիմնադիր Օզզի Օզբոռնին, լսում եմ Ջեյմս Բրաուն, Բարրի Ուայթ:

Որևէ երաժշտական գործիք նվագու՞մ եք:

Մի քիչ կիթառ, մի քիչ էլ դաշնամուր եմ նվագում, բայց երաժշտական կրթություն չունեմ:

Արդյո՞ք Ձեզ բավարարում է այն կետը, որում հիմա գտնվում եք և այն ճանապարհը, որն անցել եք:

Կարող եմ ասել, որ այո: Բայց եթե շատ ավելի անկեղծ լինեմ, կուզեի ինձ թույլ տալ զուգահեռ նաև ձեռնարկատիրությամբ զբաղվել, որպեսզի կարողանայի իրականություն դարձնել ծաղիկներ աճեցնելու իմ սերը: Երբ հիմա վերլուծում եմ, հասկանում եմ, որ ռիսկերի գնահատման մասնագետ լինելը ինձ խանգարեց առաջնորդվել սրտով, քանի որ աչքը տեսածից է վախենում [ժպտում է]:

Ինչպե՞ս եք Ձեզ զգում խոհանոցում:

Ինչպես ցանկացած հայ տղամարդ՝ սիրում եմ խորոված պատրաստել, և առհասարակ խոհանոցում միայն մսի հետ եմ առնչվում, նախընտրելի ճաշատեսակներս էլ մսային են: Սիրում եմ ամիսը մեկ-երկու անգամ տանը ուտելիք պատրաստելու նախաձեռնությունը իմ ձեռքը վերցնել:

Գարիկ, ի՞նչ է սերը:

Նվիրվածություն:

Իսկ կյա՞նքը:

Չգիտեմ, կյանքից դեռ շատ բան չեմ հասկանում [ժպտում է]:

Մարդ, ում անվերապահորեն վստահում եք:

Եղբայրս:

Սիրած գիրքը՝

Դոստոեվսկու «Ոճիր և պատիժ»-ը:

Սիրած ֆիլմը՝

Անդրեյ Տարկովսկու «Սոլարիս»-ը:

Սիրած դերասանը՝

Էնթոնի Հոփքինս:

Ինչպիսի՞ն է իդեալական կինը Գարիկ Խաչատրյանի աչքերով:

Նվիրված և սիրող:

 Շիկահեր, թե՞ սևահեր:

Սևահեր:

Երիտասարդություն, թե՞ իմաստնություն:

Երիտասարդություն: Երիտասարդ լինելն ավելի հետաքրքիր է:

Հարմարավետություն, թե՞ պայքար:

Երևի թե պայքար: Պայքարով ավելի մեծ արդյունքների կարող ես հասնել:

Garik Khachatryan Garik Khachatryan Garik Khachatryan