Սուսաննա Մելքումյան՝ ՖԻՆՔԱ-ի Ագաթանգեղոս մասնաճյուղի բիզնեսի զարգացման գլխավոր մենեջեր

Susanna Melkoumyan

Ամբողջ կյանքում երազելով լինել մաթեմատիկայի ուսուցչուհի՝ Սուսաննա Մելքումյանը Պոլիտեխնիկական ինստիտուտի մեքենաշինական ֆակուլտետն ավարտելուց հետո իր աշխատանքային կարիերան սկսեց Սիսիանի տրիկոտաժի ֆաբրիկայում, որտեղ աշխատեց որպես կադրերի բաժնի ղեկավար, այնուհետև տեղափոխվեց Մասիսի կոշիկի գործարան և միայն երջանիկ պատահականությամբ հայտնվեց ՖԻՆՔԱ-ում, որտեղ մինչ օրս մեծ նվիրվածությամբ և հավատարմորեն իրականացնում է վարկային մասնագետի իր պարտականությունները:

Սուսաննա, ինչպե՞ս ընդունվեցիք ՖԻՆՔԱ:  

Սիսիանից պարբերաբար գործուղումների էի գալիս Երևան և հերթական գործուղման ժամանակ ծանոթացա ապագա ամուսնուս հետ, ում հետ ընտանիք կազմելուց հետո տեղափոխվեցի Երևան և հաջորդող 5 տարիները նվիրեցի զավակներիս դաստիարակությանը: Այնուհետև ընտանեկան բիզնեսը զարգացնելու համար հավելյալ գումարի անհրաժեշտություն ծագեց. դիմեցի ՖԻՆՔԱ և վարկավորվեցի: Մեկ տարի էր, ինչ ՖԻՆՔԱ-ի հաճախորդ էի, երբ ղեկավարներից մեկն ակնարկեց, որ ընկերությունում թափուր հաստիքի համար մրցույթ է հայտարարված, և եթե ինձ հետաքրքրում է, կարող եմ դիմել: Այդ դիպվածը եղավ ճակատագրական, և ես 2000թ. ընդունվեցի ՖԻՆՔԱ աշխատանքի՝ որպես վարկային մասնագետ:

Այսօրվա պես հիշում եմ հարցազրույցի օրը: Աղջիկս դեռ փոքր էր, պետք է նրան ինչ-որ մեկի մոտ թողնեի, ու շտապեի հանդիպման, բայց այդպես էլ որևէ մեկը չգտնվեց, և երեխայի հետ միասին ներկայացա հարցազրույցի՝ դրանով ՖԻՆՔԱ ընդունվելու օրը հիշարժան դարձելով ոչ միայն իմ, այլև դստերս կյանքում:

Որպես կին՝ արդյո՞ք երբևէ անհավասար վերաբերմունք զգացել եք աշխատավայրում, կամ արդյո՞ք եղել են դեպքեր, երբ հավասար պայմաններում նախապատվությունը տղամարդուն են տվել, այլ ոչ թե Ձեզ:

Երբևէ նման խտրականություն չեմ զգացել: Միշտ ճանապարհն իմ առջև բաց է եղել, և ես այն հարթել եմ թե՛ իմ աշխատանքով, թե՛ մտածելակերպով: Հավատացեք՝ մաթեմատիկական մտածողություն ունեցող մարդը կյանքին ճշգրիտ աչքերով է նայում: Անգամ հիշեցի մի դրվագ իմ՝ ՖԻՆՔԱ աշխատանքի ընդունվելու օրվանից: Մրցույթին միանգամից 12 հոգանոց խմբով էինք մասնակցում, և մեզնից քննություն էր վերցնում Օլգան՝ մի կին, ով ժամանել էր մեզ քննելու Ռուսաստանից: Նա մեզ խնդիրներ տվեց և բոլորովին չարգելեց ընթացքում միմյանց հետ լուծումների տարբերակները քննարկելը, կարծիքներով փոխանակվելը: Բոլորս էլ խնդիրը յուրովի լուծեցինք, նույնիսկ տարբեր պատասխաններ ստացանք, բայց Օլգան թղթերը հավաքեց և պատասխաններն անգամ չստուգեց: Դա ընդամենը փորձ էր, որի ժամանակ դիտարկվում էին մեր հաղորդակցման ունակությունները, տրամաբանությունը, կողքինին օգնելու և նրա ասելիքը լսելու ունակությունը: Արդյունքում 12 հոգուց աշխատանքի ընդունվեցինք 6 հոգով: Այսքանից հետո ի՞նչ խտրականության մասին կարող է խոսք լինել:  Ու թեև մինչ այդ ֆինանսական համակարգում աշխատելու որևէ փորձ չունեի, առանց մեկ վայրկյան վարանելու մտա աշխատանքի և հետագայում տարիներ շարունակ լավագույն արդյունքներ ապահովեցի:

Երբևէ միտք չի՞ առաջացել փոխելու աշխատավայրը:

Երբեք դրա մասին չեմ մտածել: Այստեղ ես ինձ լավ եմ զգում, սիրված: Ես բնույթով շփվող եմ, և այս գործը ինձ մարդկանց հետ շփվելու հնարավորություն է տալիս, իսկ երբ շփման արդյունքը զուտ զրույցը չէ, այլ հաճախորդին պիտանի լինելը և նրա ֆինանսական և գործնական հաջողություններին նպաստելը, ապա դա կրկնապատկում է աշխատանքից իմ բավարարվածությունը: Փորձեր եղել են պաշտոնի փոփոխության, բայց ես հասկացա, որ որպես վարկային մասնագետ իմ արդյունավետությունը շատ ավելի բարձր է, քան որևէ այլ պաշտոնում կարող էր լինել:

Susanna_Group picture

20 տարի աշխատելով ֆինանսների բնագավառում, ինչպե՞ս եք վերաբերվում փողին: Ինչի՞ վրա եք այն նախընտրում ծախսել:

Թեև երկար ժամանակ է՝ աշխատում եմ ֆինանսական աշխարհում, բայց ասել, որ փողի հետ իմ հարաբերությունները վերջնականապես շտկել եմ, սխալ կլինի: Ես դեռ չեմ սովորել փողի հետ առնչվել այնպես, որ կարողանամ այն կուտակել: Հիմնականում շատ եմ ծախսում և որպես կին, ամենաշատը սիրում եմ հագուստ գնել: Երևի հոգով շատ ավելի երիտասարդ եմ և սիրում եմ ինքս ինձ փոքրիկ ուրախություններով հաճույք պատճառել:

Եթե Ձեզ հնարավորություն տրվեր ինչոր բան փոփոխելու, բարելավելու, նորամուծություն մտցնելու ՖԻՆՔԱ-ում, ի՞նչ կանեիք:

Կփորձեի պահել անցյալի արդարացված փորձը: Հաճախ է լինում, երբ նորամուծություններն ու նոր գաղափարները իրականացնելիս հինն ամբողջությամբ անտեսվում է կամ արժեզրկվում, իսկ ես հատկապես նախորդ փորձին մեծ կարևորություն եմ տալիս:

Սուսաննա, ինչպե՞ս եք վերաբերվում կնոջ և տղամարդու հավասարությանը: Դնո՞ւմ եք արդյոք հավասարության նշան երկու տարբեր սեռերի միջև:

Ինձ համար չկա տարբերություն կին ես դու, թե տղամարդ: Մենք հավասար ապրում եք, հավասար աշխատում: Ճիշտ է՝ կան որոշ առանձնահատկություններ, որոնցով երկու սեռերը միմյանցից տարբերվում են, և դա բնական է, բայց թե՛ առօրյա, թե՛ աշխատանքային կյանքում ես հավասար եմ տեսնում երկուսի դերերն էլ, և ինքս էլ երբեք չեմ վարանում իմ կարծիքը հայտնել կամ վիճաբանել տղամարդու հետ, եթե գտնում եմ, որ ասելիք ունեմ:

Ո՞րն է Ձեր մասնագիտական հաջողության գրավականը:

Կարծում եմ այն, որ ես հաճախորդին վարկ տրամադրում եմ այնպես, կարծես այդ վարկը ինձ եմ տրամադրում, դա թիվ մեկ սկզբունքն է, որով առաջնորդվում եմ: Հաճախորդի վճարունակությունը գնահատում եմ շատ օբյեկտիվ, և միշտ վերջին որոշումս կայացնելուց առաջ մտովի նրա հետ փոխվում դերերով՝ փորձելով հասկանալ, արդյո՞ք ես, եթե իր փոխարեն լինեի, կկարողանայի մարել վարկս:

Susanna_Agatangeghos branch team

Որպես երկար տարիների փորձով վարկային մասնագետ, ի՞նչ եք կարծում, արդյո՞ք կանայք Հայաստանում ունեն հնարավորություններ որևէ միտք կամ գաղափար գեներացնելու և այն իրականություն դարձնելու:

Անշուշտ, ունեն: Կանայք շատ ճկուն են, օժտված ինտուիտիվ մտածողությամբ, և եթե նրանց վարկավորում ես, միանշանակ կարող ես վստահ լինել, որ հաջողելու են, քանի որ կանայք նաև նպատակասլաց են և քիչ դեպքերում է, որ կարող են կես ճանապարհից հետ կանգնել: Նրանք նաև պարտաճանաչ են վարկային վճարումներն իրականացնելիս:

Ո՞րն եք համարում կնոջ առաքելությունը:

Կնոջ առաքելությունն, ըստ իս, ցանկացած իրավիճակում երջանիկ լինելն է: Եվ հիմա, երբ մտովի թերթում եմ անցածս կյանքի էջերը՝ կարող եմ ասել, որ ես երջանիկ եմ և՛ որպես կին, և՛ որպես մասնագետ, քանի որ միշտ զգացել եմ թե՛ ամուսնուս սերն ու աջակցությունը, թե՛ իմ հաճախորդների վերաբերմունքն ու գնահատականը: Ես նաև ոգեշնչող կին եմ, և հաճախ այդ մասին իմ հաճախորդներից եմ լսել, շատերը նաև օրհնել են, ասելով, որ եթե վարկը Սուսաննան է հաստատում, գործերն անպայման հաջողակ են ընթանում:

Կա՞ կին, ումից երբևէ ոգեշնչվել եք:

Ինձ համար օրինակելի է դերասանուհի Մերիլ Սթրիփը՝ որպես բազմաթիվ Օսկարներ շահած արտիստ:

Susanna_with her children

Ինչի՞ համար եք զղջում կյանքում:

Երևի միակ բանը, որի համար զղջում եմ, երեխաներիս հետ քիչ անցկացրած ժամանակն է: Ես երկու զավակ ունեմ, տղաս ավարտել է

Տարտուի համալսարանի մագիստրատուրան և այսօր աշխատում է Էստոնիայի ՏՏ բնագավառի լավագույն հիմնարկներից մեկում: Աղջիկս Երևանում է, և դարձյալ ՏՏ ոլորտում մեծ հաջողություններ է գրանցում:

Շատ կարոտում եմ ծննդավայրս՝ Սիսիանի Լոր գյուղը, որտեղ լիաթոք երջանիկ մանկություն եմ ապրել՝ վայելելով Սիսիանի հրաշալի բնությունը, սարերի էներգետիկան, օդն ու ջուրը: Այն, ինչ ես եմ վայելել գյուղում, այսօր անհասկանալի է իմ երեխաներին:

Ի՞նչ է կյանքը:

Կյանքը մեր առաքելությունն իրականացնելու համար տրված ժամանակն է: Երբեմն մտածում եմ, որ ես էլ ավելին կարող էի անել, քան արել եմ իմ առաքելությունն իրագործելու ճանապարհին:

Մարդ, ում անվերապահորեն վստահում եք՝

Ամուսինս:

Սիրած գիրքը՝

Իտալացի գրող Ալբերտո Մորավիայի վեպը՝ Արհամարհանք:

Ձեր կարգախոսը՝

Միշտ և ամեն ինչում լինել ազնիվ:

Սիրած ֆիլմը՝

Էլդար Ռյազանովի երկու հանճարեղ ֆիլմերը՝  «Ծառայողական սիրավեպ» և «Գարաժ»:

Սիրած դերասանուհին՝

Ջուլիա Ռոբերտս, Մերիլ Սթրիփ:

Սիրած կոմպոզիտորը՝

Առնո Բաբաջանյան:

Ձեր խորհուրդը կանանց՝

Կյանքում առաջնորդվել սրտով և հետևել ներքին ձայնին, եթե խոսքը գնում է անձնական կյանքի մասին, և խելքով՝ գործնական քայլեր և որոշումներ իրականացնելիս:

 

Զրուցեց՝ Նաիրա Թովմասյանը