Նոյեմբերի 19-ին ՖԻՆՔԱ ՈւՎԿ-ն հյուրընկալեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Լին Թրեյսիին:

Դեսպանը ՖԻՆՔԱ-ի Վարչության անդամների հետ քննարկում ունեցավ այն մասին, թե ինչպես է կազմակերպությունը միաժամանակ ապահովում ինչպես սոցիալական ազդեցություն, այնպես էլ ֆինանսական կայունություն՝ հաճախորդի փորձառությունը կարևորելու, նորարարական տեխնոլոգիական լուծումներ կիրառելու և ֆինանսավորման աղբյուրները դիվերսիֆիկացնելու միջոցով:

Դեսպան Թրեյսին հանդիպեց նաև ընկերության մի քանի հաճախորդների, ովքեր ՖԻՆՔԱ-ից ստացած վարկերի շնորհիվ ընդլայնել են իրենց բիզնեսը և բարելավել կյանքը: Հաճախորդների հետ քննարկումն ավելի ակնհայտ կերպով ներկայացրեց երկրում ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ընդլայնելու գործում կազմակերպության ունեցած դերը: Ինչպես նշեց մեր հավատարիմ հաճախորդներից մեկը. «Քսան տարի առաջ ՖԻՆՔԱ-ն միակ կազմակերպությունն էր, ուր փոքր ձեռնարկություն ունեցող անձը կարող էր դիմել միկրովարկ ստանալու համար: Այժմ շուկայում միկրովարկեր տրամադրող տասնյակ կազմակերպություններ կան, սակայն ՖԻՆՔԱ-ն կրկին տարբերվում է հաճախորդների հանդեպ ունեցած իր վերաբերմունքով: ՖԻՆՔԱ-ի հետ գործ ունենալիս զգում ես քո ու քո բիզնեսի պոտենցիալի հանդեպ ունեցած վստահությունը և հոգատարությունը և գիտես, որ քո հաջողությունը նրանց համար նույնքան կարևոր է, որքան քեզ համար»:

Հաճախորդները կիսվեցին իրենց անցած ճանապարհներով. մեկ աշխատող ունեցող արհեստանոցից դեպի խանութների ցանց, ընտանեկան փոքր տնտեսությունից դեպի լայնածավալ գյուղատնտեսություն, երեխաների ուսման և զարգացման համար ուրախ միջավայրի ստեղծում: «Այնքան ոգեշնչող է լսել, թե ինչպես է ձեզնից յուրաքանչյուրը զրոյից կերտել իր հաջողությունը՝ դիմելով ռիսկի և վերցնելով առաջին վարկը, — ասաց դեսպանը: — Հիանալի է, որ ՖԻՆՔԱ-ն կարողանում է օգնել ձեզ պես տաղանդավոր մարդկանց այսպիսի բազմազան երազանքների իրականացումը ֆինանսավորելու հարցում»:

Հանդիպմանը ներկա բոլոր հաճախորդները ՖԻՆՔԱ-ի օգնությամբ իրենց տնտեսությունը/բիզնեսն էլ ավելի ընդլայնելու ծրագրեր ունեին:

«Մեր աշխատանքի լավագույն գնահատականն է տեսնել, թե ինչպես, սկսելով իրենց գաղափարների իրականացումն ամենափոքր գումարի վարկերով, հաճախորդները մի քանի տարի անց դիմում մեզ իրենց՝ արդեն կայացած բիզնեսների հետագա ընդլայնման համար պահանջվող շատ ավելի մեծ ներդրումների համար», — ասաց ՖԻՆՔԱ-ի գլխավոր տնօրեն Հրաչյա Թոխմախյանը: