19-08-2026
Բերդ համայնքային գրադարանը համալրվեց 500 նոր գրքով
ՖԻՆՔԱ Հայաստանը, շարունակելով սոցիալական նախաձեռնությունների շարքը, այս անգամ համագործակցեց Newmag հրատարակչության հետ՝ «Համայնքային գրադարանների հզորացում» ծրագրի շրջանակում։
Ծրագրի արդյունքում Տավուշի մարզի Բերդի համայնքային գրադարանը համալրվեց 500 նոր գրքով։ Գրքերի շարքում ներկայացված է ժամանակակից համաշխարհային գրականություն, որը հնարավորություն կտա համայնքի բնակիչներին և հատկապես երեխաներին ու երիտասարդներին ծանոթանալ նոր հեղինակների և ստեղծագործությունների։
Նոր գրքերի ժամանմանը գրադարանի ընթերցողները մեծ ոգևորությամբ էին սպասում։ Նրանք այցելել էին գրադարան՝ անձամբ տեսնելու նոր գրականությունը և ընդգծում էին, որ ուրախ են իրենց սիրելի գրադարանում տեսնել ժամանակակից գրքեր՝ «գեղեցիկ կազմերով, նոր տառատեսակով և հետաքրքիր գրականությամբ»։
ՖԻՆՔԱ Հայաստանիի համար համայնքների հզորացումն ու կրթության հասանելիության ընդլայնումը սոցիալական պատասխանատվության կարևոր ուղղություններից են։ Գրքերի նվիրատվության միջոցով ընկերությունը նպատակ ունի աջակցել համայնքային գրադարանների զարգացմանը, խթանել ընթերցանության մշակույթը և երեխաների ու երիտասարդների համար ստեղծել կրթվելու և զարգանալու նոր հնարավորություններ։
Ծրագրի շրջանակում Բերդի համայնքային գրադարանին 500 միավոր գիրք նվիրելու և համայնքային գրադարաններին աջակցելու համար Բերդի համայնքապետը շնորհակալագրեր հանձնեց Արտակ Ալեքսանյանին և Վարդան Հարոյանին։
ՖԻՆՔԱ Հայաստանը և Newmag-ը շարունակելու են նման նախաձեռնությունների միջոցով նպաստել համայնքների զարգացմանը՝ կրթությունը, ընթերցանությունն ու գիտելիքը դարձնելով համայնքային կյանքի կարևոր և հասանելի մասը։






