20-07-2024
ՖԻՆՔԱ Հայաստանը տոնում է գործունեության 25 ամյակը
ՖԻՆՔԱ Հայաստանի 25-ամյա գործունեությունն ամփոփող հանդիսավոր միջոցառումն անցկացվել է Ազգային պատկերասրահում՝ ազգային մշակույթի երանգներով։ Այդ առիթով Երևան են ժամանել FINCA International-ի ղեկավարները։
«Այս տարիների ընթացքում ՖԻՆՔԱ Հայաստանը երկար ճանապարհ է անցել։ Մենք հպարտ ենք մեր դուստր ընկերության ծավալած գործունեությամբ։ Երբ ՖԻՆՔԱ Հայաստանը հիմնադրվեց, ժամանակները բոլորովին այլ էին, սակայն մեզ հաջողվել է լուծել բազում խնդիրներ ու դառնալ այս համայնքի մի մասը։ Մենք շատ լավ ենք ճանաչում մեր հաճախորդներին, նրանք վստահում են մեզ, դառնում մեր հավատարիմ հաճախորդները։ Նրանցից շատերը մեզ հետ են հիմնադրման առաջին տարիներից։ Դա ամենալավ գնահատականն է։ Հուսով եմ, նրանց հետ մեծ ապագա կունենանք»,- NEWS.am-ի հետ զրույցում նշեց ՖԻՆՔԱ Իմփեքթ Ֆայնենս ցանցի գլխավոր գործադիր տնօրեն Ջեֆ Ֆլաուերսը։
1999 թվականին հիմնադրված ոչ առևտրային կազմակերպությունն արդեն մեկ քառորդ դար հասանելի ու թափանցիկ ֆինանսական ծառայություններ է մատուցում ցածր եկամուտ ունեցող քաղաքացիներին, օգնում նրանց հաղթահարել ֆինանսական դժվարությունները, զարգացնել բիզնեսը, մեծացնել եկամուտն ու հասնել կայունության։
Գործունեության առաջին տարում ՖԻՆՔԱ Հայաստանն ունեցավ 333 հաճախորդ՝ 48 հազար դոլարի վարկային պորտֆելով։ Անցած մեկ տարում կազմակերպությունը տրամադրել է ավելի քան 48 միլիոն դոլարի վարկ։ 25 տարվա ընթացքում ֆինանսավորել են մոտ 350 հազար քաղաքացու։ Ընդհանուր վարկային պորտֆելը կազմել է 500 միլիոն դոլարից ավելի։ Ընկերությունն այժմ ունի 30 մասնաճյուղ, մոտ 300 աշխատակից։ «Կարծում եմ՝ ՖԻՆՔԱ-ի պատմությունը շատ նշանակալի է։ Մեր հաճախորդների ավելի քան 60 տոկոսը մանր գյուղատնտեսներ են, մյուսներն էլ՝փոքր ձեռնարկատերեր, որոնք չունեն ֆինանսական ծառայությունների հասանելիություն։ Տրամադրելով վարկեր՝ մենք նրանց օգնում ենք հասնել իրենց երազանքին, ինչը չի ապահովում դասական բանկային համակարգը։ Սրանով է ՖԻՆՔԱ-ն տարբերվում երկրի մյուս բանկերից եւ վարկային կազմակերպություններից»,- հայարարեց ՖԻՆՔԱ Հայաստանի գլխավոր տնօրեն Սթիվեն Հասսը։
ՖԻՆՔԱ Հայաստանը ՖԻՆՔԱ գլոբալ ցանցի անդամ է։ Աշխարհի ավելի քան 15 երկրում գործող միջազգային միկրոֆինանսական ընկերությունն ամեն երկրում իր գործունեությունը ծավալում է՝ հաշվի առնելով տեղական միջավայրն ու խնդիրները։
ՖԻՆՔԱ Հայաստանը ոչ միայն ֆինանսական ծառայություններ է մատուցում, այլև օգնում է մասնագիտական կարողությունները զարգացնելու հարցում։ Հայաստանի լավագույն մասնագետների մասնակցությամբ պարբերաբար կազմակերպում են անվճար դասընթացներ, բարձրացնում մարդկանց ֆինանսական գրագիտությունը։ Սովորեցնում են, թե ինչպես վարկը ծախսել արդյունավետ ու նպատակային, որպեսզի արդյունքում ստեղծվի արժեք, ապահովվի կայուն եկամուտ։






