Սոնա Մկրտչյան. By SONA ձեռագործ զարդերի և պայուսակների ապրանքանիշի հեղինակ

Mkrtchyan SonaBy SONA

Սոնա, ինչպե՞ս ծնվեց Ձեր բիզնեսը:

Ես զարդերի բիզնեսում եմ բավական վաղուց՝ 1996 թվականից: Դրանք այն տարիներն էին, երբ աշխատանք գտնելու կամ բիզնես անելու հնարավորությունները մեր երկրում այնքան էլ շատ չէին: Սկսեցինք զարդեր ներմուծել դրսից: Փոքրիկ վաճառակետ ունեինք Բարեկամության մետրոյի գետնանցումում: Ինձնից բացի զարդեր էին ներկրում նաև շատերը, արդյունքում ստացվում էր, որ բոլորիս մոտ տեսականին քիչ թե շատ նույնն էր: Դա ինձ մի քիչ անհանգստացնում էր, մտածելու տեղիք տալիս, թե ինչ ձեռնարկեմ, որ իմ առաջարկը լինի յուրօրինակ: Մտորումներս բերեցին նրան, որ տարբերվելու միակ ճանապարհը սեփական զարդեր ստեղծելն է: Սկսեցի տարբեր ուլունքներ, վզնոցներ, զարդեր առնել և դրանք քանդել ու նորովի հավաքել: Փորձարկումներ էի անում այնքան ժամանակ, մինչև ստանամ էի այն, ինչ ինքս կկրեի: Նաև ծաղիկներ չորացնելու հոբբի ունեի: Մի օր մտքովս անցավ, որ կարելի է դրանցով կոլաժներ հավաքել: Սկսեցի չորացրած ծաղիկներից նկարներ պատրաստել, դրանք գեղեցիկ էին ստացվում, բայց որոշ ժամանակ անց նկատում էի, որ ծաղիկները գույնը կորցրել են: Հասկացա, որ տեխնոլոգիայի մեջ ինչ-որ գաղտնիք դեռ չեմ բացահայտել: Սկսեցի տարբեր տեխնոլոգիաներ ուսումնասիրել, ամուսինս էլ միացավ ինձ: Վերջապես, փորձարկումներն իրենց արդյունքները տվեցին և ես սկսեցի իմ զարդերը պատրաստել՝ օգտագործելով իմ իսկ չորացրած ծաղիկները:

2009 թվականին կամաց-կամաց շուկա հանեցի նաև իմ պատրաստած զարդերը: Բիզնեսը ընդլայնելու համար դիմեցի ՖԻՆՔԱ և այդ պահից սկսվեց իմ ընկերությունը այս վարկային կազմակերպության հետ:

Շատ հետաքրքիր բնութագրեցիք հաճախորդ-վարկային կազմակերպություն Ձեր հարաբերությունները՝ ընկերություն: Ինչո՞վ է պայմանավորված այդ ընկերությունը:

Առաջին հերթին վստահությամբ: Դիմելով ՖԻՆՔԱ՝ հասկացա, թե ինչքան հարմար է այդ ընկերության հետ շփումը: Վարկերը հաստատվում և տրամադրում էին բավական արագ, ինչը բիզնեսում շատ կարևոր է՝ ճիշտ պահը բաց չթողնելու տեսանկյունից: Բացի այդ, ինձ դուր եկավ սպասարկումը, որը իրոք շատ հաճախորդամետ էր: Այդ պահից ի վեր սկսվեց իմ ու ՖԻՆՔԱ-ի ընկերությունը, որը շատ ավելին է, քան հաճախորդ-վարկային կազմակերպություն շփումը:

Իսկ ինչպե՞ս սկսեց զարգանալ գործը:

Այն, ինչ ես սկսեցի պատրաստել, նորամուծություն էր զարդերի շուկայի համար և արագ սկսեց հաճախորդների ուշադրությունը գրավել, սակայն սկզբնական շրջանում ակտիվ վաճառքներ լինում էին հիմնականում նախատոնական օրերին՝ մարտի 8-ին կամ Ամանորին: Երբ զգացինք, որ մեր զարդերի նկատմամբ հետաքրքրությունն աստիճանաբար բարձրանում է, ողջ ընտանիքով լծվեցին մեր նոր ու գեղեցիկ բիզնեսի զարգացմանը: Ամռանը բոլորով միասին գնում էինք ծաղիկներ հավաքելու, այնուհետև խնամքով չորացնում: Արհեստանոցի մեր փոքրիկ անկյունն էինք տանը ստեղծել: Այնուհետև աղջկաս ներգրավեցի արտադրական պրոցեսին: Նա սկսեց պայուսակների վրա ձեռքով նկարել: Այդպիսով ավելացրինք նաև տեսականին՝ զուտ զարդերից անցում կատարելով նաև կանացի այլ աքսեսուարների:

Սոնա, զարդ պատրաստելը Ձեզ համար հոբբի է, թե՞ ստեղծագործական պրոցես:

Հոբբի էր, որը դարձավ մասնագիտություն: Իսկ երբ մասնագիտանում ես մի բանում, արդեն ավելի ստեղծագործաբար ես սկսում արածիդ վերաբերվել: Երբեք չի ստացվում առանց ոգեշնչման գործի անցնել, անպայման պետք է մտքեր ծնվեն, պատկերը գլխումս գծագրվի, իսկ երբ նստում եմ մտքով տեսածս իրականություն դարձնելու, կտրվում եմ իրականությունից և անգամ չեմ լսում և չեմ տեսնում, թե շուրջս ինչ է կատարվում:

 Իսկ մանկության տարիներին նման հոբբիներ ունեցե՞լ եք:

Երբ փոքր էի, փիփերթի կոճակներից վզնոցներ էի պատրաստում, փետուրներից էլ՝ զարդեր, բայց մտքովս անգամ չէր անցնում, որ հետագայում մանկական այդ հետաքրքրությունը հոբբի կդառնա, հոբբին էլ՝ բիզնես:

 By SONABy SONABy SONA

Ու՞մ գործերով եք ոգեշնչվում:

Շատ սիրում եմ Վան Գոգի նկարները, Սարյանի: Վերջերս նաև սկսել եմ դրանք իմ զարդերի և աքսեսուարների դիզայններում օգտագործել: Պահ եղավ, երբ ինձ սկսեցին ոգեշնչել հայրենասիրական թեմաները, ինչը նույնպես արձագանք գտավ իմ աշխատանքներում:

Սոնա, հիմա քանի՞ վաճառակետ ունեք:

Ունեմ 3 վաճառակետ, բայց նաև համագործակցում եմ այլ խանութների հետ, որտեղ իմ ստենդով ներկայացված է իմ արտադրանքը: Հաճախ եմ մասնակցում ցուցահանդեսների, նաև հաճախորդներս իմ զարդերը արտասահմանյան ցուցահանդեսների ժամանակ են ներկայացրել: Ի դեպ նշեմ, որ զբոսաշրջիկները բավական շատ են հավանում գործերս, և առհասարակ արտասահմանցիները ձեռքի աշխատանքը միշտ բարձր են գնահատում:

Հիմա օնլայն վաճառքների ժամանակաշրջան է: Արդյո՞ք հաջողություններ գրանցում եք օնլայն հարթակներում:

By Sona ապրանքանիշը ներկայացված է Facebook և Instagram սոցիալական ցանցերում: Այս պահի դրությամբ սա է իմ օնլայն բիզնեսի վարման հարթակը, որն ավելի շուտ իմիջային հարցեր է լուծում մեր ապրանքանիշի համար: Լինում են նաև պատվերներ իհարկե, բայց դրանք ամբողջ վաճառքի շատ փոքր տոկոսն են կազմում: Մարդիկ հիմնականում օնլայն ծանոթանում են աշխատանքներին, ճշտում վաճառակետերի հասցեները, կամ ինչ-որ բան պատվիրում և գալիս վաճառակետից վերցնելու:

Իսկ ինչպիսի՞ զարգացման տեսլական ունեք:

Կուզեի նաև արտերկում վաճառել աշխատանքներս, և հիմա դեպի այլ երկրներ ելքի ճանապարհներ եմ փնտրում: Դա իմ այս փուլի նոր մարտահրավերն է, բայց ես վստահ եմ, որ այն պատվով կհաղթահարեմ, հատկապես, երբ կողքիս իմ սիրելի ՖԻՆՔԱ-ն է:

Նաև ծրագրել եմ գիտելիքներս աճող սերնդին փոխանցել: Ես շատ կարևորում եմ մեր ապագայի կառուցման գործում մեր երեխաների մասնակցությունը, նրանց գիտելիքների, գեղեցիկի հետ առնչվելու, գեղեցիկն արարելու և տարածելու ձգտումը և այս առումով այն ներդրումը, որ ես կարող եմ ապագա սերնդի մեջ ունենալ, նրանց իմ գիտելիքները փոխանցելն է: Հատկապես մարզերում կուզեի բարեգործական կրթական ծրագրեր անել: Հուսով եմ, որ այս գաղափարս էլ շուտով իրականություն կդարձնեմ:

Mkrtchyan SonaBy SONABy SONA

Ի՞նչ խորհուրդ կամ ուղերձ կհղեիք կրտսեր սերնդին:

Կրտսեր սերնդին կհորդորեի երբեք չհրաժարվել սեփական երազանքներից, երբեք չզլանալ և երբեք չընկրկել: