ՀԵՌԱՀԱՐ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ԿԱՆՈՆՆԵՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ


ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-ն (այսուհետ նաև՝ ՖԻՆՔԱ, Ընկերություն) առաջարկում է հեռախոսային Հավելված (այսուհետ նաև՝ Հավելված) ` ինտերնետով, հեռախոսազանգի կամ կապի այլ միջոցներով Ընկերության ծառայություններից օգտվելու, ինչպես նաև Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների (այսուհետ՝ Ծառայություն) վերաբերյալ տեղեկություններ ստանալու հնարավորություն` առանց ՖԻՆՔԱ-ի մասնաճյուղեր այցելելու:
Խնդրում ենք ուշադիր կարդալ Համաձայնագիրը՝ նախքան ՖԻՆՔԱ-ի բջջային Հավելվածն օգտագործելը:
Գրանցվելով Հավելվածում, դառնալով Օգտատեր և օգտվելով Ծառայություններից Դուք անվերապահորեն համաձայնում եք սույն Համաձայնագրով սահմանված ընդհանուր դրույթներին և պայմաններին:
Սույն ընդհանուր դրույթները և պայմանները սահմանում և կարգավորում են «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ հեռախոսային Հավելվածով Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների հետ կապված իրավահարաբերությունները:
Մուտք գործելով Հավելված, օգտագործելով Հավելվածի ցանկացած Ծառայություն կամ ներբեռնելով ցանկացած բովանդակություն՝ ամբողջությամբ կամ դրա մի մասը Դուք, որպես Օգտատեր (այսուհետ նաև՝ Օգտատեր, Հաճախորդ) հաստատում եք, որ ամբողջությամբ կարդացել և հասկացել եք Հավելվածի օգտագործման պայմանները, ինչպես նաև Հավելվածում հրապարակված Ընկերության կողմից Ծառայությունների մատուցման այլ պայմանները (այսուհետ նաև՝ Պայմաններ):

Ձեր կողմից Հավելված մուտք գործելուց հետո Հավելվածի միջոցով Ընկերությանը ներկայացվող բոլոր հայտերը, դիմումներն ու այլ էլեկտրոնային փաստաթղթերը համարվում են ստորագրված Ձեր կողմից:

Ընկերությունն իրավունք ունի առանց նախապես ծանուցման, միակողմանի, ցանկացած պահի փոփոխել սույն դրույթներն ու պայմանները: Դրույթների և պայմանների ցանկացած էական փոփոխության մասին Ընկերությունը կտեղեկացնի Ձեզ, և Հավելվածի շարունակական օգտագործումը նման փոփոխություններից հետո կդիտարկվի Ձեր կողմից նոր դրույթների և պայմանների ընդունում:

ՖԻՆՔԱ ՈՒՎԿ ՓԲԸ-Ի ԿՈՂՄԻՑ ՄԱՏՈՒՑՎՈՂ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԵՎ ԴՐԱՆՑ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԿԱՐԳԸ

Ընկերության կողմից մատուցվող Ծառայությունների մասին կարող եք ծանոթանալ մուտք գործելով Ընկերության ինտերնետային կայք (www.finca.am) (այսուհետ նաև՝ Կայք):
Ընկերության կողմից մատուցվող Ծառայություններից ողջ ծավալով օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Հավելվածում և բացել Օգտատիրոջ հաշիվ (այսուհետ նաև՝ Օգտատիրոջ հաշիվ կամ Հաշիվ):
Յուրաքանչյուր Օգտատեր կարող է ունենալ մեկ Հաշիվ: Օգտատերն իրավունք չունի օգտագործել այլ Օգտատիրոջ Հաշիվը:
Հավելված մուտք գործելու համար անհրաժեշտ Օգտատիրոջ տվյալների մուտքագրմամբ Ընկերությունն իրականացնում է Հաճախորդի անհրաժեշտ և բավարար նույնականացում, ինչը հիմք է Հավելվածի միջոցով Հաճախորդին Ծառայություններ մատուցելու համար: Օգտատիրոջ նույնականացումն իրականացվում է օգտատիրոջ կողմից տրամադրված անձնական տվյալների (հանրային ծառայությունների համարանիշ (ՀԾՀ), կոնտակտային տվյալներ և այլն) և ՖԻՆՔԱ-ի կողմից տրամադրվող համապատասխան կարճ հաղորդագրության/հաստատման ծածկագրի (PIN կոդ) և/կամ գաղտնաբառի (որը/ոնք Օգտատերը ստանալու դեպքում պետք է մուտքագրի համակարգում առկա համապատասխան դաշտում) և/կամ տեսազանգի միջոցով։ Ընդ որում, յուրաքանչյուր դեպքում նույնականացման եղանակն ու ձևը ընտրում է ՖԻՆՔԱ-ն։ Նույնականացումն անցնելուց հետո ՖԻՆՔԱ-ն Օգտատիրոջը Համակարգ մուտք գործելու համար տրամադրում է օգտանուն և մեկանգամյա օգտագործման գաղտնաբառ, որը Օգտատերը պարտավոր է փոխել առաջին անգամ Համակարգ մուտք գործելիս։ Այնուհետև յուրաքանչյուր դեպքում Համակարգ մուտք գործելու համար Օգտատերը պարտավոր է լրացնել գաղտնաբառը և/կամ հաստատի կենսաչափական հաստատումով (մատնահետք, Face ID):Օգտատերն ինքն է պատասխանատու իր Հաշվի մուտքի տվյալների (գաղտնաբառի և այլ նույնականացնող տվյալների) պահպանման համար և ինքն է կրում իր Հաշվով կատարվող գործողությունների համար պատասխանատվություն:
Օգտատերը պարտավոր է անհրաժեշտ շրջահայացություն ցուցաբերել Հավելվածն օգտագործելիս այլ անձանց կողմից Հավելված ապօրինի մուտքի հնարավորությունը և տվյալների հասանելիությունը բացառելու համար:

Օգտատերը պարտավոր է անհապաղ տեղեկացնել Ընկերությանը, եթե վստահ է, որ իր Հաշիվ եղել է չթույլատրված մուտք: Նման դեպքում Ընկերությունը իրավունք ունի անմիջապես արգելափակել Հաշիվը՝ մինչև հանգամանքների ամբողջական պարզումը:
Ընկերությունը պատասխանատվություն չի կրում այլ անձանց կողմից Օգտատիրոջ Հաշվով կատարված գործողությունների համար: Այդ գործողություններով Ընկերությանը կամ երրորդ անձանց պատճառված վնասի համար պատասխանատվություն է կրում Օգտատերը:
Օգտվելով համակարգից՝ Օգտատերը համաձայնվում և հավաստում է, որ Համակարգի միջոցով իր կողմից իրականացվող գործառնության (գործարք, դիմում, հանձնարարություն) համար համակարգում նշված հեռախոսահամարին և/կամ էլեկտրոնային փոստի հասցեին ուղարկված հաստատման ծածկագրի/PIN կոդի և/կամ գաղտնաբառի մուտքագրումը և/կամ կենսաչափական նույնականացումը դիտվում է (համարվում է) որպես էլեկտրոնային ստորագորություն։ Յուրաքանչյուր գործառնություն (գործարք, դիմում, հանձնարարություն) իրականացվում է էլեկտրոնային եղանակով՝ համապատասխան դաշտերում գործարքների պայմանները լրացնելու և հաստատելու միջոցով։ Ընդ որում, Օգտատերը գիտակցում և համաձայնում է, որ սույն կետով նկարագրված էլեկտրոնային եղանակով ստորագրությունը հավասարազոր է և ունի նույն իրավաբանական ուժը, ինչ իր ձեռագիր ստորագրությունը, իսկ էլեկտրոնային եղանակով ստորագրված էլեկտրոնային փաստաթղթերը առաջացնում են տվյալ փաստաթղթի բովանդակությունից բխող իրավական հետևանքներ։
Հավելվածի միջոցով Հաճախորդի ներկայացրած հայտերի ուսումնասիրման արդյունքների, ինչպես նաև Հաճախորդի այլ գործառնությունների մասին Ընկերությունը կարող է տեղեկացնել էլեկտրոնային եղանակով, ներառյալ՝ Հավելվածը սպասարկող ինտերնետային էջերի կամ բջջային հավելվածների համապատասխան մասում տեղեկություններ տեղադրելով, էլեկտրոնային փոստով, բջջային հեռախոսահամարին ուղարկված կարճ հաղորդագրությունների (SMS), Հավելվածի կողմից ուղարկվող հաղորդագրությունների (Push Notifications) միջոցով և այլ եղանակներով: Հավելվածի միջոցով կատարված գործառնությունների մասին տվյալները պահպանվում են Ընկերության սերվերներում և համարվում են ապացույց` վիճելի հարցերի կարգավորման համար:

ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՄՇԱԿՈՒՄ

Դուք կարող եք այցելել Կայք առանց գրանցվելու, սակայն Կայքի և Ընկերության ամբողջական ծառայություններից օգտվելու համար Դուք պարտավոր եք գրանցվել Հավելվածում: Գրանցվելիս Դուք պետք է տրամադրեք Ձեր հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ), էլ. փոստի հասցեն և կոնտակտային տվյալները:
ՖԻՆՔԱ-ն «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով իրականացնելու է Ձեր անձնական տվյալների մշակում ՖԻՆՔԱ-ի և Ձեր միջև կնքվելիք սույն Համաձայնագրի, պայմանագրերի կատարման, ինչպես նաև դրանց պայմաններից բխող և ՖԻՆՔԱ-ի ներքին իրավական ակտերով սահմանված այլ գործողությունների իրականացման նպատակով:
Անձնական տվյալների մշակումը, ի թիվս այլ գործողությունների և չսահմանափակվելով ներքոնշյալ ցանկով, ներառում է ցանկացած գործողություն կամ գործողություների խումբ, որը կապված է Անձնական տվյալները հավաքելու, ամրագրելու, մուտքագրելու, համակարգելու, կազմակերպելու, կուտակելու, պահպանելու (մասնավորապես` ՖԻՆՔԱ-ի կողմից օգտագործվող ծրագրային ապահովումներում, վարվող հաշվետվություններում, զեկույցներում և այլ տվյալների բազաներում), փոփոխելու (թարմացում կամ վերափոխում), արտածելու, օգտագործելու, ապանձնավորելու, արգելափակելու, հեռացնելու, ջնջելու, ոչնչացնելու, ուղեփակելու, վերականգնելու, ուղղելու, ինչպես նաև ցանկացած եղանակով փոխանցելու (տարածում, հասանելիության ապահովում) հետ` անկախ իրականացման ձևից և եղանակից, այդ թվում՝ ավտոմատացված, մեխանիկական, համակցված, տեխնիկական ցանկացած միջոցների կիրառմամբ կամ առանց դրանց:
Անձնական տվյալների հասանելիությունը կամ Անձնական տվյալների մշակումը սահմանափակված կլինի միայն ՖԻՆՔԱ-ի կողմից հստակորեն լիազորված անձանց շրջանակով:
ՖԻՆՔԱ-ն Ձեր տվյալները մշակելու համար կարող է պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնից, այլ անձանցից ստանալ Ձեզ հետ պայմանագիր կնքելու նպատակով, իր գործողությունների, ինչպես նաև իր իրավունքների և օրինական շահերի պաշտպանության համար անհրաժեշտ ցանկացած տվյալ: Մշակման ենթակա տվյալների ցանկը ներառում է Ձեր կողմից Ընկերությանը տրամադրված և հանրամատչելի աղբյուրներից ձեռք բերված անձնական տվյալները, ինչպես նաև ԱՔՌԱ Վարկային բյուրոյից, ՀՀ կենտրոնական բանկից, իրավապահ մարմիններից, այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններից Ձեր վերաբերյալ ՖԻՆՔԱ-ին տրամադրված տվյալները: Ցանկը սահմանափակ չէ, և ՖԻՆՔԱ-ն այլ աղբյուրներից ևս կարող է ստանալ Ձեր անձնական տվյալները:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված դեպքերում և կարգով, ինչպես նաև երրորդ անձանց և ՖԻՆՔԱ-ի միջև կնքված պայմանագրերի (աուդիտորական, խորհրդատվական, ծառայությունների մատուցման, ապահովագրության պայմանագրերի կնքման և այլ նպատակներով) համաձայն` Ձեր անձնական տվյալները կարող են փոխանցվել երրորդ անձանց կամ վերջիններիս կարող է տրամադրվել հնարավորություն օգտվելու այդ տվյալներից: Անձնական տվյալները մշակվելու են տվյալներ մշակելու նպատակներն իրականացնելու համար օբյեկտիվորեն անհրաժեշտ ժամկետով:
Տեղեկացնում ենք, որ Ձեր կողմից անձնական տվյալների, ինչպես նաև սույն համաձայնության չտրամադրումը կարող է ազդել ՖԻՆՔԱ-ի կողմից կայացվելիք որոշման վրա:
«Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով Դուք ունեք մշակման հետ կապված ցանկացած գործողություն կատարելու վերաբերյալ տեղեկություններ ստանալու, ինչպես նաև Ձեր կողմից տվյալների ոչնչացման կամ տվյալների մշակման դադարեցման պահանջ ներկայացնելու իրավունք: Ձեր կողմից հայցվող դադարեցման պահանջ ներկայացվում է «ՖԻՆՔԱ» ՈՒՎԿ ՓԲԸ-ին գրավոր դիմումի միջոցով, որին ընթացք է տրվում միայն այն դեպքում, երբ դիմումում ներկայացված պահանջը հնարավոր է բավարարել` հիմք ընդունելով «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքի դրույթները:

ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐԻ ԼՈՒԾՈՒՄ

Դուք իրավունք ունեք ցանկացած պահի լուծել սույն Համաձայնագիրը: Համաձայնագրի լուծումը չի հանգեցնում Ընկերության և Ձեր միջև առկա այլ պայմանագրային հարաբերությունների փոփոխմանը կամ դադարեցմանը:

Ընկերությունը իրավունք ունի միակողմանի լուծել Համաձայնագիրը, եթե Հաճախորդը իր գործողություններով իրականությանը չհամապատասխանող տեղեկություններ է տարածում Ընկերության կողմից մատուցվող ծառայությունների վերաբերյալ, իր գործողություններով փորձում է այլ սուբյեկտների մոտ Ընկերության նկատմամբ ձևավորել բացասական կարծիք կամ այլ դեպքերում, երբ Ընկերությունը կգտնի, որ Հաճախորդի գործողությունները վնասում են կամ կարող են վնասել Ընկերության գործարար համբավը:

Ընկերությունը կարող է կասեցնել կամ դադարեցնել Համակարգ մուտք գործելու Ձեր հնարավորությունը` սույն Հիմնական պայմանների պահանջները խախտելու, ինչպես նաև Ձեր նույնականության վերաբերյալ կասկածներ ունենալու դեպքերում: